Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր՝ մայիսի 27-ին, այս պահին ընթանում է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնի բացումը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել:

Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում: ՍՄԱՐԹ-ը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ  սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու:

Լոռու ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը  եռաթեւ շինություն է: Այն ունենալու է կրթության այլընտրանաքային տարբերակ, այստեղ լինելու են լսարաններ ծնողների եւ մեծահասակների համար, ինչպես նաեւ սենյակներ փոքրերի համար :

Կենտրոնի հիմնական ողնաշարը, ինչպես իրենք են ասում, համակարգչային սենյակն է: ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու  է ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը: