Երեւանում, մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են 22-ամյա Կարիկ Ու.-ն, ով ստացել է «կրծքային եւ գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ եւ 22-ամյա Նարեկ Ա.-ն, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:

Քիչ անց ահազանգ է ստացվել նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին 22-ամյա Վահե Ա.-ն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանները շված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 51-ամյա Գառնիկ Հ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում, որը եղել է Եղիազարյան փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ, ինչպես բնաեւ հայտնաբերվել է դանակ:

Նշված փաստով ոստիկանություն է բերման ենթարկվել նաեւ 35-ամյա Կորյուն Մ.-ն: