Արքայազն Չարլզը, երբ 2013 թվականին այցելեց Հայաստան, ցավոք, շատերը չհասկացան, թե ինչու է մարդը եկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, դեռեւս 2010 թվականին իր ստեծած «Երեւան, իմ սեր» ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը:

«Հիմարություններ գրեցին, որ եկել է հանքի համար: Մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երեւան, իմ սեր» ծրագրին, մարդ, որը հրաշալի գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը եւ եկել էր այստեղ Հայաստանը տեսնելու»,-ասաց ՀՀ նախագահը:

Նա նաեւ հավելեց. «Միակ բանը, որ բացի բարեկամությունից արժեք ունի արքայազն Չարլզի համար, դա Հայաստանում փոքր այգի է, որը հիմա պատկանում է իմ ընտանիքին եւ իր տղաներին, որ ես իրեն նվիրել եմ»: Արմեն Սարգսյանը հրաժարավեց ասել այգու տեղը՝ միայն նշեց, որ այն շատ փոքր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013 թվականի մայիսին Ուելսի արքայազն Չարլզը ժամանել է Երեւան: Արքայազն Չարլզը եւ այն ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակում բարեգործական ծրագիր են իրականացրել:

Այցի շրջանակում արքայազն Չարլզն այցելել էր «Մատենադարան», նաեւ Հայաստանի հոգեւոր կենտրոն Էջմիածին, հանդիպել Գարեգին Բ-ի հետ:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ մամուլը գրեց, որ Արքայազն Չարլզը գալիս է Հայաստան Ամուլսարի հանքը բացելու նպատակով:

Արքայազն Չարլզը ժամանել է Երեւան (ֆոտոռեպորտաժ)