ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնի Գործառնությունների տնօրեն Քրիստ Մարուքյանը:

Նրա խոսքով, ՍՄԱՐԹ կենտրոնից բացի հարակից գործելու է հյուրատունը, որը ծառայելու է դրսից եկած դասախոսների, դոնորների համար, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել այս ամենը. «Բացի այն ռեսուրսները, որ կան Հայաստանում, կան նաեւ մարդիկ դրսից, որ ցանկություն են հայտնել գալ եւ տարբեր թեմաներով դասընթացներ, վերապատրաստումներ, վարպետության դասեր անցկացնել՝ հնարավորինս հասանելի դարձնելով այսօրվա աշխարհում եղած գիտելիքի պաշարը գյուղական համայնքների երեխաների, երիտաարդների ու մեծահասակների համար: Գյուղական ծրագրեր ունենք, որոնք ուղղված են մեծահասակներին՝ տնամերձերի, չմշակվող հողերի, մեղմաբուծության, ուղղահայաց ֆարմինգի, ջերմոցային տնտեսությունների նորագորւյն տեխնոլոգիաների լուծումներին: Այսինքն տարիքային սահմանափակում չի լինելու»,-ընդգծեց Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ այս տարվա վերջ աշխատելու են շրջակայքում գտնվող 5 համայնքների հետ (Դեբեդ, Դսեղ, ձորագյուղ, ՉկալովԵղեգնուտ), այսինքն տրանսպորտը կազմակերպվելու է COAF-ի կողմից. «Հետագայում կավելացնենք եւս 13 գյուղեր, որոնք մինչեւ 30 կմ հեռավորության վրա են գտնվում: Դասընթացների ձեւաչափը ոչ ֆորմալ կրթության միջավայր է՝ մասնակցային, խաղային մեթոդներ»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու  է ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը:

Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել (ֆոտո)