Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման համար քաղաքացիներին կոչ է արել դոլարով խնայողությունները փոխանակել թուրքական լիրայով: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Ahval գործակալությունը:

Էրզրումում իր նախընտրական ելույթի ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ թուրքերը պետք է ծառայեն Ալլահին, այլ ոչ թե՝ ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին: Էրդողանի կոչը վերաբերում էր կանխիկ դոլարի եւ եվրոյի փոխանակմանը, որոնք թուրքերը պահում են «բարձի տակ»:

Նրա խոսքով՝ եթե ֆինանսական հատվածը շարունակի «այդպիսի խաղեր խաղալ» թուրք ներդրողների հետ, ապա այն ստիպված կլինի թանկ վճարել: Այդպես, նա վստահություն հայտնեց, որ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը դոլարի նկատմամբ ոչ թե բնական պատճառներով էր պայմանավորված, այլ հրահրված էր Վաշինգտոնի կողմից: