Մեր մասնագետներն ուսումնասիրում են ֆինանսական փաստաթղթերը նախարարությունում, ինչը հեշտ գործ չէ, դրանք տարիներով կուտակված փաստաթղթեր են: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Առանձին ոչ արդյունավետ ծախսերի մասին ես խոսել եմ, դրանք հասնում են մի քանի տասնյակ մլն դրամից մինչեւ մի քանի 100 մլն դրամ: Դրանք բնականաբար կկրճատվեն եւ կուղղվեն այն ծրագրերին, որոնք մենք նախանշել ենք: Իհարկե, շատ կտրուկ կրճատումներ էլ չենք ուզում անել, որպեսզի սթրեսային վիճակներ տարբեր մարմիններում չլինի, բայց նույն ԿԳՆ ստորաբաժանումներում նույնպես կան օղակներ, որտեղ շատ մեծ գումարներ են հատկացվում: Այդ հատկացումներն այնքան էլ արդյունք չեն տալիս: Մեծ գումարներ անարդյունավետ են ծախսվում»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը: