Կառավարությունն այսօր՝ հունիսի 1-ի իր նիստում  հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին:

Նշվել է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը եւ այլն:

Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը։

Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով եւ այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Նշենք, որ Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: