Քանի որ փաստաթղթավորում հնարավոր չէր, հնարավոր չէր գյուղացիներից մթերքը վերցնել ու փաստաթուղթ ստանալ, գյուղացիները բոյկոտում էին, եւ քանի որ օրենքում կազուս կար, հարցը կարգավորելու համար ժամանակավոր լուծում է տրվել, որ աշխատեն հին ձեւով, մինչեւ կազուսը կլուծվի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների միջեւ պայմանավորվածություն է եղել, որ գյուղմթերքի մասով ոչ թե 20 տոկոս ԱԱՀ վճարեն, այլ 2 տոկոս շրջանառության հարկ:

Դիտարկմանը, որ այդ գործով ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանն էլ է կանչվել հարցաքննության, քանի որ հայտարարել է, որ եղել է նման պայմանավորվածություն, ինչը ըստ ԱԱԾ-ի ապօրինություն է, Բաղդասարյանը նշեփց. «Օրենքի շեղում չի եղել, ես ներկա եմ եղել, պարզապես պայմանավորվածություն է եղել, որ գյուղացին չտուժի, վերաբերել է գյուղացու կողմից ստեղծած մթերքներին: Ես ԱԱԾ-ի աշխատանքը չեմ ուզում մեկնաբանել, երբ կանեն հայտարարություն, մենք դրա մասին կխոսենք»:

Հարցին, թե ինչու է այդ պայմանավորվածությունը տարածվել միայն 11 խոշոր առեւտրային ցանցերի վրա, իսկ մյուսները շարունակել են 20 տոկոս ԱԱՀ վճարել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ազատ է եղել, 11 տնտեսվարողներն են ցանկացել: Մնացածը կամ անփույթ են եղել կամ չեն ցանկացել»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե այդ պայմանավորվածության շրջանակներից դուրս որեւէ այլ գործողություն է կատարվել, կամ դա տարածվել է նաեւ ներկրված մթերքի վրա, ապա այդ մարդիկ ամենայն խստությամբ պետք է պատժվեն եւ գումարները պետք է վերադարձնեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են 461 քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ: Նրանք նաեւ բարձրացրել էին մինչեւ 20 տոկոսով մսամթերքի գները:

Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

Դրանից հետո սուպերմակրետների սեփականատերերը հայտարարեցին, որ վերադառնում են հին գներին: