Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային խնդիրը ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ձեւախեղումն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա չարիքների չարիքը, որը բերել է հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական եւ պետական դեգրադացիայի:

«Հայաստանի անկախացումից հետո բոլոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են բացառությամբ 1991 թվականի նախագահական եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների:

Եթե մինչեւ 2017 թվականը խորհրդարանական ընտրությունները կեղծելու հիմնական գործիքը եղել են սպառնալիքները, վարչական ռեսուրսների գործադրումը, ֆիզիկական բռնությունները, լցոնումները, 2017-ի ընտրությունների ժամանակ հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական ռեսուրսների գործադրումը եւ ընտրակաշառքի համատարած բաժանումը: Չկա ընտրակեղծարարության որեւէ տեսակ, որը հետապնդելի չլինի քրեական օրենսգրքով:

Ընտրությունների կեղծիքով իշխանության եկած քաղաքական ուժերը չէին կարող մեղավորներին պատասխանատվության ենթարկել, որովհետեւ դրանով պետք է իրենք իրենց բացահայտեին»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ընտրությունների հետեւողական եւ շարունակական կեղծումները բնում ջախջախել է իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, առանց որի պետության կայացումը կարելի է բացառել. «Իրավապահները կոծկել են այդ հանցագործությունները, դատարանները աչք են փակել ապօրինի գործընթացների վրա եւ դարձել դրա հովանավորը: Իսկ իշխանությունը ստանձնել է այդ ամենի տանիքի դերը: Հայաստանում գործել է պետություն պետությունից դուրս:

Իշխանության կողմից միասնության կոչերը նպատակ են ունեցել ապօրինությունները, սպանություններն ու բռնությունները, թալանը չնկատելու, հանդուրժելու առաջարկ»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ այս իրավիճակում հայտնվել են տնտեսական մենաշնորհներ, որոնց նպատակը իշխանության վերարտադրության համար փողի ու կապիտալի կուտակումն է եղել. «Դրա համար իշխանությունը փորձել է բոլոր միջոցներով պաշտպանել մոնոպոլիաները, փողի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու համար: Ընտրություն կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր չի էլ դրել, որովհետեւ ավելի բարեկեցիկ մարդը ավելի պակաս հակված կլինի ընտրակաշառքին կամ ավելի մեծ ակնկալիք չունենա, իսկ այդ դեպքում իրենցփողերը կարող են նաեւ չհերիքել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարությունն առաջնորդվում է համոզմունքով, որ ՀՀ-ում տեղ գտած ամենաքայքայիչ երեւույթները ուղիղ կապ ունեն իշխանությունն ամեն կերպ պահպանելու մոլուցքի հետ. «Մեր կառավարության առաքելությունն է այդ մտածողությունը արմատախիլ անելը»:

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը (ամբողջական տեքստ)