Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս դիրքորոշումը շատերը համարեցին նորույթ բանակցային գործընթացում, այնինչ դրա մեջ ոչ մի նորույթ չկա. «յն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ է, հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովում: Մինչեւ 1998 թվականի բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այդ ձեւաչափով: 1998-ից հետո ՀՀ իշխանությունները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է եւ հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից՝ բանակցելու մանդատ:

Նույնը չեմ կարող անել ես, որովհետեւ դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը եւ Արցախի ժողովրդի կարող է ներկայացնել միայն իր լեգիտիմ իշխանությունը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ամեն անգամ երբ նման հարց է բարձրացվում, Ադրբեջանն ասում է, որ որպես ինքնուրույն կողմ բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ Ղարաբաղի այսպես ասած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները. «Սա կեղծ փաստարկ է, որովհետեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավական կարգավիճակը որեւէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Նրանք շարունակում են  մնալ Ադրբեջանի քաղաքացի եւ որպես Ադրբեջանի քաղաքացի էլ շարունակում են մասնակցել Ադրբեջանի ընտրությունենրին: Ասել է թե Ալիեւը բանակցություններինմ ասնակցում է նաեւ այդ մարդկանց տված մանդատով, ասել է թե այդ մարդիկ արդեն ներգրավված են բանակցություններում ի դեմս Ադրբեջանի նախագահի»:

Փաշինյանը նշեց, որ իրենց այս մոտեցումները որպես բանակցությունները վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը. «Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ համանախագահության շրջանակներում: Բայց բանակցությունների արդյունավետությունը բարձրացելու առումով կարեւոր է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը: Անհարմար է բանակցել նոր հարցերի շուրջ, եթե նախկին պայմանավորվածությունները չեն կատարվում: Հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր ջախջախիչ հակահարվածին»:

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը (ամբողջական տեքստ)