2017 թվականի ընտրություններն արտացոլել են հայ ժողովրդի կամքը, եւ խորհրդարանական բոլոր ուժերն ընդունել են դրանց արդյունքները: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարչկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԾ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Հիմա մեղադրանքները ուղղված են միջազգային կազմակերպությունների՞ն նաեւ, նրանք է՞լ են խեղաթյուրել»,- հարց ուղղեց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Ընտրական օրենսգրքում փոփոխություններին եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմային:

«ՀՀԿ-ն պատրաստակամ է մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դրանք կատարելու աշխատանքներին, ավելին՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա: Չկա թեմա, որ պատրաստ չենք քննարկել: Միաժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ներառական, թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 102 կողմ ձայներով: Ավելին՝ դրան դեմ խոսողները որակվել են քաղաքական սեկտանտներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ ճիշտ կլինի հավատարիմ մնալ այդ սկզբունքներին. «Հայաստանի ԸՕ-ի վերաբերյալ եղել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Ընդգծվել է, որ Ընտրական օրենսգիրքը պատշաճ հիմք է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Կարծում եմ՝ պետք է հավատարիմ մնանք այս սկզբունքին, դիմենք Վենետիկի հանձնաժողով, ստանանք նրանից դրական եզրակացություն եւ պատշաճ կերպով կազմակերպենք խորհրդարանական ընտրություններ: Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք այս օրենսգրքից, դա կլինի նահանջ ՀՀ-ի համար՝ իր ստանձնած պարտավորություններից»,-ընդգծեց Հովհաննիսյանը: