Ավստրիայի կառավարությունը փակում է Վիեննայում գործող յոթ մզկիթները եւ մտադիր է արտաքսել իմամներին՝ «քաղաքական իսլամի» եւ մզկիթների օտարերկրյա ֆինանսավորման կանխման նպատակով, հայտնում է AP-ն:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ կառավարությունը փակում է Վիեննայում գործող թուրքական արմատական ազգայնական մզկիթը եւ լուծարում է «Արաբական կրոնական համայնք» խումբը, որը 6 մզկիթ է ղեկավարում:

Կառավարության գործողությունները հիմնված էին 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որը, ի թիվս այլ կետերի, թույլ չի տալիս կրոնական համայնքներին ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Ավստրիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Քիքլը հայտարարել է, որ վերանայվում են Ավստրիայում թուրքական մզկիթները վերահսկող ATIB-ի կողմից վարձված մոտ 40 իմամի կացության թույլտվությունները: Նրա խոսքով՝ երկու դեպքում թույլտվություններն արդեն չեղարկվել են, եւս հինգ իմամ ժամանակավորապես զրկվել է դրանցից: