Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ի իր նիստում ընդունեց ՀՀ կառավարության նոր աշխատակարգը:

Նախքան ընդունումը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն առարկեց, որ մինչեւ հունվարի 15-ի նախորդ տարվա իրենց գործունեության մասին զեկույցը չեն կարող ներկայացնել, ինչպես նշված է աշխատակարգում, քանի որ Ազգային վիճակագրության ծառայությունը տվյալները ավելի ուշ է հրապարակում: Նա առաջրկեց այդ ժամկետը սահմանել ապրիլի 15-ը:

«Շատ հաճախ անհրաժեշտ է լինում տարեկան տվյալները, իսկ ազգային վիճակագրական ծառայությունը այդ պատկերը չի տալիս»,-ասաց նախարարը:

Սա զարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ապրիլի՞: Այդպես որ մտածենք, կարող ենք հաջորդ տարվա հունվարի 15 հասնել: Կարելի է ժամկետը երկարաձգել մինչեւ փետրվարի 15-ը: Մյուս կողմից ԱՎԾ-ն այդ տվյալները ձեզնից չի՞ վերցնում»:

Ազգային պետական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալները հրապարակվում են հունվարի 25-ին, իսկ հունվարի 31-ին հրապարակվում է ամբողջական զեկույցը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե հունվարի 31-ին լրիվ տվյալները հրապարակվում են, ապա փետրվարի 15-ը ողջամիտ ժամկետ է տարվա գործունեության վերաբերյալ զեկույցները ներկայացնելու համար: