Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց։ Նա նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 8-ին, քննվում է «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացրել է նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։ Դատավոր Արշակ Վարդանյանը պահանջել է անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայությունը դատական նիստին։

Ավելի ուշ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ներկայացան դատարան եւ հայտնեցին, որ երաշխավորում են Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:

Դատարանը չառարկեց ներկայացված միջնորդությանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա որոշվեց  պատգամավորների անձնական երաշխավորությամբ նրան դատական դահլիճից ազատ արձակել: