Ժողովրդի հեղափոխական տրամադրությունները կշարունակվեն մեկ տարվա ընթացքում, եւ որեւէ ընտրակաշառք, բարեգործություն չի շեղի ժողովրդին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին վստահեցրել է «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, ՀՀԿ-ականները դժգոհ են ձեր կառավարության ծրագրից, նշում են, որ բարեմաղթանքների ծրագիր է եւ չկա հստակ ժամանակացույց անելիքների վերաբերյալ: Դուք ի՞նչ կասեք ձեր ընդդիմախոսներին:  

Ձեր կարծիքով, Հանրապետականն ի՞նչ արձագանք պիտի տար մեր ծրագրին, բնական է, որ էդ արձագանքը պիտի տար:  Էսօրվա չափանիշը վաղվա օրվա չափանիշն է, որը մենք ի կատար կածենք, ու ՀՀԿ-ն կզարմանա: Էս տարիների  ընթացքում ՀՀԿ-ն սուտի ծրագրեր է բերել ներկայացրել, որտեղ  աստղաբաշխական թվեր են գրված եղել, տնտեսական աճ, բայց  ոչինչ չի եղել: Ժողովուրդը թվերով չի կշտանում, ժողովուրդը ներկա կյանքով է կշտանում:

ՀՀԿ գաղափարական թեւի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը մտահոգված է, որ  ՀՀԿ-ականները խմբակցությունը լքում են իշխանության հնարավոր ռեպրեսիաների պատճառով: Իշխանությունը ճնշում գործադրո՞ւմ է  գործարար պատգամավորների նկատմամբ:  

Դա իրենց զենքն է եղել, ասեք՝ պարոնայք հանրապետականներ, դուք սխալվել եք, ձեր արշինով մի չափեք, էդ ժամանակներն անցել են, ճնշում չկա, խոշոր գործարար, օլիգարխ գիտակցում են՝ պրծել են էդ ճնշումից, ձեր ճնշումից: Ամենառաջին լավ բանը գործարարների համար  է եղել, որ մտնեն հարկային դաշտ, օրինական դաշտ  ու վերջանա ամեն ինչ, որ վերջանա սրան տալը, նրան տալը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ կառավարության ծրագրի, պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում: Ձեր կարծիքով, ժամանակն ո՞ւմ օգտին կլինի: Արդեն կարծիքներ կան, որ Ծառուկյանն է Փաշինյանի գլխավոր մրցակիցը ձայների մեծամասնությունը ստանալու առումով: 

Ժամանակը ժողովրդի օգտին կլինի: Ժողովուրդը ում ձայն կտա, նա էլ Ազգային ժողովում մեծամասնություն կկազմի, եւ ժողովուրդը պիտի գիտակցի, իր անցյալը հասկանա,  իր տառապանքը 10-20 տարվա պիտի հասկանա, պիտի հասկանա,  որ դրանից պիտի ձերբազատվի ու չգնա էն խորամանկ քայլերի, սուտի խոստումների հետեւից:

Կարծիքներ կան, որ հնարավոր է՝ մինչեւ ընտրությունները Ռուսաստանը  որեւէ ուժի միջոցով, ոչ ՀՀԿ-ի, իհարկե, ակտիվանա եւ լուրջ մրցակցություն ստեղծի Փաշինյանի թիմի համար: Այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք:

Մեր թավշյա հեղափոխության ընդհանուր ձեւաչափի  մեջ մենք շեշտադրումը դրել ենք Հայաստանի վրա միայն, մարդկանց գիտակցությանը պիտի հասնի, որ մենք պիտի ձեւավորենք մեր իշխանությունը: Դրսի ուժերի հետ կարանք համագործակցենք,  բայց չպիտի դրսի ուժերով ձեւավորվի Հայաստանի Հանրապետության իշխանությունը:  Բնականաբար, կուզենան իրենց կամքը թելադրելու համար ինչ-որ քայլեր անել, բայց մեր ժողովրդի համախմբվածության, գիտակցության աստիճանով այդ ամենը պիտի կանխվի: Ժողովուրդը պիտի կանխի դա:

Պարոն Միքայելյան, Ձեր կարծիքով, ժողովրդի շրջանում հեղափոխական տրամադրությունները կշարունակվեն մինչեւ արտահերթ ընտրություններ:

Չի կարող չշարունակվել: Ժողովուրդը ռուբիկոնն անցել է, նա հետ չի դառնալու, եթե դառնա, կխեղդվի, պիտի ժողովուրդը առաջ գնա:

Եթե որոշ ուժեր ընտրակաշառքի չափը բարձրացնե՞ն, 10-20 հազարին փոխարինի 100 դոլարը...

Եթե 100 հազար դոլար էլ բաժանեն, ժողովուրդը  պիտի հասկանա, որ էդ դոլարների ընթացքում է այս երկիրն էս վիճակում հայտնվել ու արտագաղթն էդ մեծ թվաքանակի հասել, սոցիալ տնտեսական վիճակն էլ ծայրահեղ ծանր աստիճանի հասել:

Իսկ եթե փորձեն բարեգործությամբ մրցակցել գործող իշխանության հետ....

Բարեգործությունը իմիտացա է ու ժամանակավոր բնույթ է կրում, ժողովուրդը շատ փորձության միջով անցավ էս տարիների ընթացքում եւ ժողովուրդը հասկացավ, որ թավշյա հեղափոխությունը վերջ տվեց ամեն ինչին, էս իշխանափոխությունը ժողովուրդն է արել:

Որեւէ բարեգերծ չի կարո՞ղ շեղել ժողովրդին:

 Կցանականա, կուզնեան, բայց ինձ չի թվում, որ կհաջողվի: