Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի եւ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Վարչապետը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը եւ նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաեւ ԱՄՆ-ում  համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:

ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Վարչապետը զրուցակիցներին  է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության առաջնահերթությունները՝ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ուղղություններով: