Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում հունիսի 9-ին, տեղի ունեցավ Ոչխարների խուզման ամենամյա՝ թվով չորրորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։ 

 

Փառատոնին մասնակցեցին մարզի  12 համայնքների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Ռոմանոս Սարգսյանը, որը որպես մրցանակ ստացավ ձիու թամբ, խուզի մկրատ, խուզի մկրատի սրիչ եւ պատվոգիր: Նա ոչխարը խուզել էր 2 րոպե 30 վայրկյանում: Մյուս բոլոր մասնակիցները եւս ստացան պատվոգրեր:

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնի ծրագիրն ընդգրկել էր ոչխարների՝ արդեն ավանդական դարձած ձեռքով խուզման մրցույթ, տեղական համայնքների եւ արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, լարախաղաց: Այս տարի փառատոնի հյուրերի համար ծրագրվել էին բազմաթիվ անակնկալներ եւ հագեցած միջոցառումներ:

Մասնավորապես, հրավիրվել էին Մեծ Բրիտանիայից եւ հարեւան Վրաստանից հրավիրված փորձառու խուզ անողներ, որոնք առաջին անգամ Հայաստանում ցուցադրական դասընթաց են անցկացրել Փառատոնի մասնակիցների եւ հյուրերի համար:

Կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ուտեստների, խմիչքների եւ հուշանվերների վաճառքից բացի նաեւ իրականացվել է համտես: 

Հրավիրված պաշտոնատար անձանց թվում էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

Համերգով հանդես է եկել The Time Project խումբը,  կազմակերպվել ենինտերակտիվ խաղեր, մրցույթներ, իսկ մրցանակաբաշխության արարողությունից հետո տեղի է ունեցել շուրջպար:

Նկատենք, որ «Ոչխարների խուզում» փառատոնն անցկացվում է եւ լայն ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ այլն, սակայն ի տարբերություն այդ երկրների, որտեղ ոչխարներին խուզում են մեխանիկական սարքերով, Սյունիքում խուզումն իրականացվեց ավանդական ձեւով` մկրատով: