Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով կնվազեցվի թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը:

Օրինագծի բացատրական մասում նշվում է. «Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն կրկնակի նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր»:

Բացի այդ, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաեւ արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ:

Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռեւս մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: