ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր՝ հունիսի 11-ին, հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու եւ ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձել է նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին եւ նշեց, որ այս պահին անհանգստության որեւէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշեց, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձեւավորվել են շրջիկ խմբեր, որոնք հանդիպում են բնակիչների հետ եւ բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար:

Կ. Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ մարզի 43 համայնքի ուղարկվել են սողանքի դեպքում վարվեցողության նյութեր, իրականացվել է մարզային ՃԿԿ-ում գրանցված ահազանգերի հետադարձ կապ՝ խուճապային վիճակը կարգավորելու ուղղությամբ: