Նախկինում փորձ է եղել մեխանիզմ ներդնել, որի շնորհիվ գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը որեւէ կերպ փաստաթղթավորվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով նրան, որ սուպերմարկետները 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն կիրառելով ԱՁ-ներ վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:

«Լավ էր, թե վատ, դա հարցի երկրորդ կողմն է: Սա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության ոլորտը ներկայումս շահութահարկով չի հարկվում: Սա ստեղծում էր խեղումներ տնտեսության մեջ: Կարծում եմ, որ ապագայում անխուսափելի է, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է բերվի հարկման դաշտ»,- ընդգծեց Արամյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում ճիշտը այն է, որ օրենքը գործի:

«Եթե կա այնպիսի դրույթ օրենքում, որը պետք է վերանայվի, գործող ղեկավար Դավիթ Անանյանը ճիշտ է նկատում, որ դա պետք է Ֆինանսների նախարարության հետ համատեղ քննարկվի, հասկանան՝ արդյոք ժամանա՞կն է, որ գյուղատնտեսության ոլորտի հարկման սկզբունքները վերանայվեն»,-ասաց նախկին նախարարը: