Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.ma-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը եւ ընգդծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ հետագայում եւս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը: 

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը պատրաստակամ է  գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը եւ քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը եւ այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:  Նիկոլ Փաշինյանը եւ Շոմբի Շարփն անդրադարձել են նաեւ ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին եւ դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերղ հարցերի: