Պատճառը, որ տնօրենների ընտրության, ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել, մեկն է. որովհետեւ այն խորհուրդներում, որտեղ ԿԳՆ-ն, մարզպետարանները մարդիկ էին նշանակում, չէին ասում առաջնորդվեք կրթության ոլորտի շահերով, ասում էին՝ առաջնորդվեք նեղ անձնական, կուսակցական շահերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դա է պատճառը, որ համակարգը չի կայացել: Մեծագույն խնդիրները, որոնք հիմա էլ կան, ու այն դպրոցներում, որտեղ խորհուրդների ընտրություններ են, բունտեր են, որովհետեւ ստիպված ենք հին համակարգով ընտրություններ անցկացնել, բայց հին համակարգի տրամաբանությամբ, ԿԳՆ-ի եւ մարզպետների նախկին ներկայացուցիչներ են խորհուրդներում, որոնք շարունակում են առաջնորդվել իրենց նեղ անձնական ու կուսակցական շահերով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս վիճակը կշտկվի:

«Առաջիկա ամիսներին պատրաստվում ենք կառավարման այս օղակի բարեփոխման ծրագիր ներկայացնել»,-ասաց նա: