Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հերքում է հայկական ատոմակայանից ռադիացիայի արտահոսքի մասին լուրերը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը։

«Հայկական ատոմակայանը աշխատում է բնականոն ռեժիմով, վթարային որեւէ իրավիճակ չի արձանագրվել։ Ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է, եւ որեւէ արտահոսքի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության խոսնակը։

Նշենք, որ թուրքական հեռուստաալիքներով մի հաղորդում է հեռարձակվել, ըստ որի Մեծամորի ատոմակայանից հնարավոր է՝ ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել։ Այդ տեղեկատվությունը տարածել են նաեւ ռուսական որոշ լրատվամիջոցներ։

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանամերձ նահանգներում սկսել են հետազոտական աշխատանքներ՝ պարզելու արդյոք Մեծամորի ատոմակայանից ռադիացոն հոսք տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի բաժնի մասնագետները սկսել են չափել Իգդիրի, Մուշի, Թունջելիի, Հաքքարիի եւ Շրնաքի ռադիացան։ Հիշյալ համալսարանի դասախոսներից Նեսիլհան Էքինջին եւ գործընկերները նշել են, թե չափումներն անհրաժեշտ են, քանի որ վերջին շրջանում աճել են թոքերի քաղցկեղով հիվանդանալու դեպքերը։

Հետազոտական խումբը հայ-թուրքական սահմանի մոտ վայրերից հողի եւ ջրի օրինակ է վերցրել՝ ուսումնասիրության համար, ինչպես նաեւ մոտ 100 տարբեր վայրում ռադիացան չափող սարքեր տեղադրել։