«Ա1+»-ին առանց մրցույթի եթեր դուրս գալու հնարավորություն պետք է տրվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ քաղաքական դաշտում եղած ընդդիմադիր հնաբնակները կհաստատեն, որ «Ա1+» hեռուստաընկերությունը բացառիկ էր եւ միակն էր, որ հավասարաչափ եթեր 18 տրամադրում բոլոր կողմերին. «Այդտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կարողանում էին իրենց ասելիքը տեղ հասցնել: Հենց «Ա1+»-ի շնորհիվ էր, որ բիրտ ուժ չէր կիրառվում ընդդիմադիր գործիչների կողմից թե փողոցային խուժանի, թե գործող իշխանության կողմից: «Ա1+»-ի փակումը ուղիղ հարված էր էլեկտրոնային լրատվամիջոցներին: Դրանից հետո ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկին չէին հրավիրում եթեր»,-հայտարարեց պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ այսօր այն գումարները, որոնք մեր հարկատուների գրպանից գնում է Հանրային հեռուստատեսությանը, նաեւ այն կառույցին, որը կարգավորում է հեռուստաեթերը, դրանից մաս պետք է տրամադրվի «Ա1+»-ին կորցրած վնասների համար եւ առանց մրցույթի նրան պետք է եթեր տրվի. «Սա թե իրավական, թե տնտեսական, թե քաղաքական խնդիր է: Սա Հայաստանի մամուլի կայացման կարեւոր հարցերից մեկն է»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: