Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2017թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինհոսպիտալ, որտեղ ժամեր անց գրանցվել էր նրա կենսաբանական մահը։

 Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ. Պողոսյանը, հանդիսանալով մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ եւ խախտել «ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջները։ Այն է՝ լինելով զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ՝ պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները, ինչի հետեւանքով մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ են իրականացվել ժամը 11-ի սահմաններում՝ առաջացնելով ծանր հետեւանք։ Հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել Չապլին Մարգարյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մարմնական վիրավորում եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ էլ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է:

  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նշված մեղադրանքի մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, եւ անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ էլ մահացել է: