Ռուսաստանը հաստատակամորեն առաջին տեղն է զբաղեցնում ՀՀ-ի հետ առեւտրաշրջանառությունում, մենք «թիվ մեկ» գործընկերն ենք տնտեսական ոլորտում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանի հետ բոլորովին վերջերս է հանդիպել Սոչիում․ «Նկատի ունենալով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ մեր համագործակցության տարաբնույթ ուղղվածությունների մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները միշտ պահանջված են»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով։ Այս տարի եւս հաստատուն աճ է նկատվում․ «Մեծամասամբ դա տեղի է ունենում դեպի ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական մթերքների մատակարարումների ավելացման հաշվին։ Զգալի դրական ազդեցություն է գործում նաեւ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին։ Հույս ունեմ՝ կշարունակենք շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նա։