Հունիսի 22-ից  կմեկնարկի  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 5-րդ  միջազգային փառատոնը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:

«Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երեւանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ՝ տարբեր դահլիճներում տեղի կունենան  ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթեւի վանական համալիրի տարածքում եւ Գորիսում: Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ»,- նշում են կազմակերպիչները:

Նշենք, որ այս տարի հազարից ավելի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 13 երկրներից 28 ֆիլմ: Բացի այդ՝ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող հյուրեր կժամանեն Հայաստան: