Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողությունից տուժածների մեջ հայ կա: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված նախնական ցուցակում նշված է պայթյունից վիրավորված 42-ամյա Կարեն Միխայելի Գալուստյանի անունը։ NEWS.am-ը ներկա պահին ճշտում է տվյալները:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։  

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։