Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ Դավիթ Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Ռաֆիկ Մարտիրոսյանը:

«Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ անօրինական: Իմ պաշտպանյալը ցուցմունքներ է տվել տեսաերիզի կոնկրետ դրվագների վերաբերյալ: Ամեն ինչ սկսվել է մեքենան կայանելուց: Պետք է մեքենան կանգներ լվացարանի մոտ, սակայն, ԱԱԾ աշխատակիցներից մեկը Վիտալի անունով կանգնել է ճանապարհի կենտրոնական մասում, այնուհետեւ նորից շրջադարձ արել, հետ եկել: Դրանից հետո Վիտալին մտել է սենյակ եւ հետեւից հարվածել Դավիթ Հարությունյանին եւ մարմնական վնասվածք պատճառել: Սակայն, այսքանից հետո էլ Դավիթ Հարությունյանը եղել է բաժանողի դերում»,- դեպքից մանրամասներ ներկայացրեց պաշտպանը:

Թե ով է այնուհետեւ զանգահարել եւ կանչել ԱԱԾ մյուս աշխատակիցներին, այդ թվում ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդուն՝ Վարդան Ղարամյանին, Ռաֆիկ Մարտիրոսյանը նշեց, որ դա նախաքննական գաղտնիք է. «Մեզ նույնպես այդ մանրամասները չեն հայտնել, սակայն, տեսագրությամբ երեւում է, որ ավտոլվացման կետի աշխատակիցներն են ինչ-որ մարդկանց զանգահարում, ոչ թե այդ Վիտալին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գործով այս պահին կա 7 մեղադրյալ, այդ թվում ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին: