Հայաստանում քաղաքական լուրջ փոփոխությունները կան, բայց մտածելակերպը չի փոխվում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով գիտաժողովի անվանմանը, Զոհրաբյանն ասաց, որ այն շատ դիպուկ է. «Միգուցե, ալեկոծ բառը, այո, կարող է շատերի մոտ տագնապի ասոցիացիաներ առաջացնել, բայց Հայաստանի համար սա ամենաճիշտ ու տեղին բառ է: Մենք այնքան երկար ենք ապրել գարշահոտ ճահիճում, որտեղ մի քաղաքական ուժ հաստատել էր իր գարշահոտ ներկայությունը, որ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր այս ալեկոծությունը»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ արմատական փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում:

«Ես կցանկանայի, որ այդ փոփոխությունները տեղի ունենան նաեւ մարդկանց ուղեղում: Փոփոխությունները կան, բայց մտածելակերպը չի փոխվում, ուստի ամեն մեկս պետք է փոխվենք, եթե մենք դիմացինից պահանջում ենք լինել առաջամարտիկ, նախաձեռնող, կրեատիվ, քայլ անել, ապա պետք է ամեն մեկս մեզնից սկսենք: Շատ բան փոխվեց ու դեռ շատ բան փոխվելու է: Ինձ համար շատ կարեւոր է, որ եվրոպական վեկտորի հետ կապված կոնսենսուսը, որ եղել է, անփոփոխ է եւ պետք է խորանա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանը տարբեր է, Հայաստանը ցույց տվեց, որ տարբեր է: Չեմ ասում՝ լավն ենք կամ վատն ենք, չէ, մենք ուրիշ ենք, մենք կարողացանք տոտալիտար աքցանների պարագայում հեղափոխություն անել այն դեպքում, երբ մարդուն սարքել են ստրուկ, 10,000 դրամ են շպրտել, ուղեկցել քվեախցիկ»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դրանցից մեկը կոռուպցիան է. «Որտեղ ձեռք ենք տալիս՝ սկսած փոքր մանկապարտեզից մինչեւ բարձրագույն իշխանության օղակներ, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ դուք, հարգարժա՛ն դեսպան, երբ ԵՄ հսկայական գումարները ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարին, դրանք տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը, ասել եք, թե ակնկալում ենք, որ պայքարեք ձեր դեմ: Չի կարող այդպես լինել:

Այսինքն որոշակի սխալներ եղել են ձեր կողմից: Մենք ահազանգում էինք, ասում էինք՝ մի տվեք նախարարություններին գումար, դրանք գնում են նախարարների, բարեկամների անուններով գրացված ֆեյք ՀԿ-ների անձնական բարեկեցությունը զարգացնելու համար, շատ դեպքերում անարձագանք էր մնում: Ինձ զարհուրեցնում է կոռուպցիոն բացահայտումների այս մակարդակը, որոնք դեռ ծաղիկներ են»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: