Եվրամիությունն իր գործընկերներին օգնում է պատրաստ լինել անկանխատեսելի գործընթացներին եւ տուրբուլենտային ժամանակներին: Այս մասին հունիսի 14-ին «Արեւելյան գործընկերության ապագան՝ տուրբուլենտային ժամանակներում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ տուրբուլենտությունը ոչ միշտ է բացասական երեւույթ, այն կարող է նաեւ դրական լինել, եւ անկասկած, տուրբուլենտությունը մեր կյանքի մի մասն է:

Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն չի կարող իր գործընկերներին պատրաստի դեղատոմս առաջարկել, Եվրամիությանը պետք են ճկուն հարեւաններ: Նա շեշտեց, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի վերաբերյալ գոյություն են ունեցել դավադրության տարբեր տեսություններ, սակայն դրանք ժամանակի ընթացքում «փշուր-փշուր» են եղել:

«ԵՄ-ի համար մշտապես առաջնային կլինի երկկողմ օրակարգը: «Արեւելյան գործընկերության» ծրագիրը լրացնում է այս համագործակցությունը: Մենք նաեւ ցանկանում ենք, որ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրները միմյանց հետ համագործակցեն: «Արեւելյան գործընկերությանն» անհրաժեշտ է հնարավորության համար դիմակայել մարտահրավերներին»,- նշեց դեսպանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ «Արեւելյան գործընկերության» տարբեր ծրագրերի համար հատկացվել է ավելի քան 600 մլն եվրո, ինչը ծրագրի անդամ երկրներին մրցունակ է դարձնում, քանի որ միայն լավագույններն են ֆինանսավորում ստանում: Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչները լավ մրցակիցներ են, սակայն ինքը Հայաստանից ակնկալում է «Արեւելյան գործընկերության» շրջանակում լավագույն արդյունքներ: