«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ: