Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է սահմանել երկրում կենսաթոշակային բարեփոխման իրականացման անցումային շրջանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Անցումային շրջանը նախատեսում է կենսաթոշակային տարիքի քայլ առ քայլ բարձրացում՝ 2028 թվականին կանանց համար մինչեւ 63 տարեկան, տղամարդկանց համար՝ 65: Առաջարկվում է կենսաթոշակային տարիքի բարձրացումը սկսել 2019 թվականին, ասել է Մեդվեդեւը:

Ներկայիս կենսաթոշակառուների համար կանոնները չեն փոխվի: Նրանց թոշակները տարեկան կբարձրանան մոտ 1000 ռուբլով, հստակեցրել է ՌԴ վարչապետը: Կանանց դեպքում 40 եւ տղամարդկանց դեպքում 45 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները կկարողանան թոշակի անցնել նոր կենսաթոշակային տարիքից 2 տարի վաղ, ասել է նա:

Ծայր Հյուսիսում աշխատողների համար կենսաթոշակային տարիքը կբարձրանա մինչեւ 58 տարեկան կանանց համար եւ 60 տարեկան՝ տղամարդկանց, այսինքն՝ 5 տարի պակաս կլինի, քան մնացյալ կենսաթոշակառուների համար:

Մեդվեդեւը բարեփոխման անցկացման անհրաժեշտությունը հիմնավորել է կենսաթոշակային համակարգում ստեղծված իրավիճակով, որը սպառնում է երկարաժամկետ ժամանակահատվածում դրա անհավասարակշռությամբ: ՌԴ վարչապետի կարծիքով՝ առաջարկվող միջոցառումները թույլ կտան հավասարակշռել աշխատաշուկան, որտեղ «ավագ սերունդը դեռ շատ բան կարող է անել»: