Իշխանությունների նկատմամբ քննադատությունն ու համագործակցությունը չպետք է հակադրվեն կամ բացառեն իրար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունն ադեկվատ է, ինպիսին այսօրվա իշխանությունն է, քննադատել եւ համագործակցել հնարավոր է։

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ գործողություններին, նա նշեց, որ դրանք հաճախ իրականացվում են այնպիսի մարմինների կողմից, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի հետ ուղղակի առնչություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունների մոտ կա քաղաքական կամք: «Հաջորդ քայլը դրա ինստիտուցիոնալացումն է, որի արդյունքում այլեւս կապ չի ունենա, թե ով է վարչապետը, ինստիտուտները կպայքարեն կոռուպցիայի դեմ: Խնդիր կա կատարել ինստիտուցոիալ փոփոխություններ, որոնք քաղաքական կամքից անկախ կդարձնեն այդ պայքարը: Թեեւ այս պահին ինտենսիվ պայքար կա այն բանի դեմ, երբ բյուջեից փող է գողացվել կամ բյուջե փող չի մտել, այդուհանդերձ, ցանկալի կլիներ ուշադրություն դարձնել կոռուպցիայի մյուս ճյուղերին։ Օրինակ՝ մենք մինչ այս պահը չունենք ապօրինի հարստացման հիմքով  քրեական գործեր, եւ որեւէ մեկն ինձ չի համոզի, որ այս մեկ տարում չեն եղել ապօրինի հարստացողներ»,- ասաց նա՝ նկատելով, որ  այստեղ եւս կա շահերի բախում, քանի որ նույնիսկ նոր կառավարությունում նշանակվում են մարդիկ, որոնք իրար հետ ունեն բարեկամական կապեր. «Ես հուսով եմ, որ դա երկար չի տեւի»:

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ամենակարեւորը հասարակության վստահության վերականգնումն է սեփական քվեով իշխանություն փոխելու հարցում: «Կարեւոր է, որ մրցապայքարը քաղաքական ուժերի միջեւ չլինի դրամապանակների մրցապայքար, որովհետեւ դա ոչ մի լավ տեղ չի հասցնում: Դրամապանակների մրցակցություն ասելով պարտադիր չի, որ լինի ընտրակաշառք: Դա կարող է լինել բարեգործություն»: