ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Չոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հանդիպում են անցկացրել Հայաստանում պաշտոնական անձանց հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այցի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ:

Հունիսի 12-14-ը Երեւան կատարած այցի ժամանակ նրանք հանդիպել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Համանախագահներն ու հայ պաշտոնյաները քննարկել են բանակցությունների կարգավիճակը եւ գործընթացը խթանող հաջորդ քայլերը, այդ թվում նաեւ՝ մոտ ապագայում նախարարների հանդիպման վերաբերյալ: Նրանք նաեւ մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում առկա իրավիճակի մասին՝ ընդգծելով կառուցողական մթնոլորտի պահպանման կարեւորությունը:

Համանախագահները կրկին հայտարարել են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ՝ ուժի չկիրառումը կամ սպառնալիքը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հակամարտության խաղաղ լուծման համար կողմերին աջակցելու իրենց պատրաստակամության մասին: Հայ պաշտոնատար անձինք իրենց հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին աջակցության եւ համանախագահների հովանու ներքո արդյունավետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: