Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի եւ Բաալբեքի միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրիին` ուղեկցությամբ բարերար Նիկոլա Աբու ֆեյսալի:

Նորին Սրբությունը, ողջունելով Լիբանանից ժամանած հյուրերին, կարեւոր նկատեց այն, որ երկու ժողովուրդների ու Եկեղեցիների հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ, իսկ նմանօրինակ այցերը նոր ազդակ են հանդիսանում գործակցության առավել զորացման եւ ամրապնդման առումով:

Հայոց Հովվապետը, իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցելով Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Հովհաննես Ժ Պատրիարքին, հավելեց, որ այս հանդիպումներն առիթ են ընծայում միմյանց առավել ճանաչելու համար: Գարեգին Բ Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց Լիբանանի հայ համայնքի աշխույժ ազգային-հոգեւոր կյանքին: 

Ապա Զահլեի միտրոպոլիտն անդրադարձավ երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ հարաբերություններին, որոնք պատմական, ավանդական խոր արմատներ ունեն, ինչպես նաեւ հայ համայնքի հետ իր ջերմ կապերին: Նա տեղեկացրեց, որ իր` թվով երրորդ այցն է դեպի Հայաստան եւ ամեն անգամ ինքը տեսնում է հայորդիների ամուր եւ ծաղկուն հավատքը: Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց իր հոգեւոր խնամատարության ներքո գտնվող համայնքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, աղոթեց Լիբանանի ժողովրդի խաղաղ եւ առաջընթաց կյանքի համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: