Շվեդիայում Սվեա շրջանի վերաքննիչ դատարանը հրաման է արձակել «Գազպրոմի» եւ «Ուկրաինայի Նավթոգազի» միջեւ գազի տարանցման վեճի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման կասեցման մասին, հայտնել են ռուսական ընկերությունից, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Վերաքննիչ դատարանը համաձայնվել է, որ բավարար հիմքեր կան Ստոկհոլմի արբիտրաժի որոշման կասեցման համար»,- նշել են «Գազպրոմի» մամուլի ծառայությունից՝ հստակեցնելով, որ այս հրամանը «Ուկրաինայի Նավթոգազին» զրկում է արտասահմանում «Գազպրոմի» ակտիվները կալանելու փոձերի հիմնավորումից:

Ընկերությունից նշել են, որ այս հանգամանքը կօգտագործեն Շվեյցարիայում եւ Նիդերլանդներում դատական կատարածուների գործողությունները բողոքարկելիս:

Ըստ Շվեդիայի օրենքների՝ «Արբիտրաժի մասին» վերաքննիչ դատարանի հրամանը չի կարող բողոքարկվել, նշել են «Գազպրոմից»՝ շեշտելով, որ ռուսական ընկերությունը «կշարունակի իր իրավունքները պաշտպանել օրենսդրության կիրառմամբ»:

Որոշումը նշանակում է, որ ժամանակավորապես կասեցված են նաեւ «Գազպրոմից» 2,6 մլրդ դոլար առգրավելու ընթացակարգով «Նավթոգազի» հետագա գործողությունները, հայտնել է ուկրաինական ընկերության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ սա չի հանգեցնում արբիտրաժի որոշումների չեղարկման եւ «Գազպրոմին» հնարավորություն չի տալիս «Նավթոգազից» պահանջել 2,1 մլրդ դոլարի վերադարձ, որը արբիտրաժի կողմից հաշվարկվել էր որպես «Նավթոգազին» փոխհատուցում:

«Նավթոգազից» հայտնել են, որ Սվեայի դատարանի որոշումը Ստոկհոլմի արբիտրաժի որոշման կատարման ընթացակարգը կասեցնելու մասին արդեն ստացել են եւ առաջիկայում դատարան կներկայացնեն իրենց հակափաստարկները: