Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում եւ վերցնում է 45.000 դրամ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանեւան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել եւ ստացել է 45.000 դրամ: Պարզվել է նաեւ, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։