Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ա.Կ-ն, 2018թ. հունիսի 7-ին Մեղրիի անցակետով մուտք գործելով Հայաստան, տաքսիով ուղեւորվել է հայ-իրանական սահմանի` նախապես պայմանավորված հատված, որտեղ ԻԻՀ կողմից սահմանը հատած հանցակիցը նրան է փոխանցել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4 կգ «ափիոն» տեսակի եւ շուրջ 6 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցներով 5 փաթեթ։ Այնուհետև իրացման նպատակով այն ապօրինի փոխադրել է դեպի Գորիս քաղաք՝ նախապես պայմանավորված վայրում պահելու և պատվիրատուին փոխանցելու մտադրությամբ, սակայն ճանապարհին՝ Կապան քաղաքում, ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար նշված վայր ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Ս-ին:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների ընդհանուր արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 920 հազար դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով դրանց ապօրինի ձեռք բերելը, պահելը և փոխադրելը»)  հատկանիշներով:

Գ.Ս-ին և Ա.Կ-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ: