Փոքրիկ աշխետ ձիու անունը Սաննի է, իսկ սպիտակինը՝ Ֆիդան: Շուտով նա քուռակ կունենա, դրա համար նա հիմա ավելի ագրեսիվ է, քան սովորաբար:

14-ամյա Բենն անցնում է ձիերի միջով, շոյում է նրանց մռութները: Ձիերի մեջ նա իրեն շատ վստահ է զգում, գիտի ինչպես է պետք նրանց հետ վարվել եւ ինչպես նրանց մասին հոգ տանել. ախոռում 23 ձի կա եւ յուրաքանչյուրի մասին նա ամեն ինչ գիտի՝ անունը, տարիքը, բնավորությունը, ծագումը:

- Նրանց համար իմ մորաքույրն է անուններ հորինում, պատմում է Բենը,- Երբ քուռակ է ծնվում, հայրս զանգում է նրան եւ հարցնում, թե ինչպես անվանի նրան եւ նա հուշում է: Միայն Սաննին է իմ գաղափարը:

Վերջին երկու տարիներին Բենը դպրոցից հետո ազատ ժամանակը նվիրում է իր ծնողներին պատկանող «Բենսոն» ագարակին, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գոմք համայնքում: Այստեղ կա 6 տուն, որտեղ կարող են կանգ առնել զբոսաշրջիկները, ձիով տուրերի համար երկու տասնյակ ձի, կանաչ, անտառային տեղանք, այստեղ ստեղծված էկոլոգիապես մաքուր սնունդ. այս ամենը գրավում է  աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներին:

Բենի ընտանիքը ծնունդով Վայք քաղաքից է: Մի անգամ Կարենը՝ նրա հայրը, գործերով եկավ այս գյուղ եւ հիացավ  գեղեցիկ տեսարաններով: Այդ ժամանակ նա մտածեց, որ վատ չէր լինի այստեղ տուն գնել, ֆերմա բացել, ձիեր պահել, զբոսաշրջիկներին գրավելու համար փոքր բիզնես կազմակերպել: Շատերը նրան ասում էին, որ գաղափարն ահավոր է եւ նա իզուր կկորցնի ներդրված գումարները: Կարենը որոշեց ոչ ոքի չլսել:

Գոմքում նա հին տուն գնեց, վերանորոգեց, կողքը ախոռ կառուցեց: Այնտեղ մեկ ձի կար, բայց ծրագրերը մեծ էին:

Զբոսաշրջիկներն իմանալով այդ տեղի մասին իսկապես սկսեցին այցելել: Երբեմն տնակում բոլորի համար տեղերը չէին բավականացնում՝ վրաններում էին գիշերում: Այժմ ընտանիքն արդեն 6 տուն ունի, ճիշտ է, դեռ ոչ բոլորն են վերանորոգված եւ պատրաստ հյուրերին ընդունել, իսկ ախոռում  շատ ձիեր կան: Մեծ մասը էգեր եւ քուռակներ են:

- Էգերը հանգիստ են, նրանց հետ հեծյալները հեշտ են լեզու գտնում, եթե անգամ ընդհանրապես փորձ չունեն, բացատրում են ֆերմայի սեփականատերերը:

Ձիերին նրանք շատ լավ են խնամում. եթե անգամ առանց թամբի ձիով շրջես, նրանց յուրահատուկ հոտը հագուստին չի կպչի:

- Մեզ մոտ հաճախ են գալիս զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիաից, Ռուսաստանից, այլ երկրնեից, պատմում է Մերի Ջանոյանը՝ Բենի մայրը: Մենք նրանց առաջարկում ենք այսպես կոչված գյուղական զբոսաշրջություն կամ էկո զբոսաշրջություն, ինչպես հիմա անվանում են: Այստեղ նրանց սպասվում է մեր ձեռքերով աճեցրած բնական, համեղ սնունդ, ինչպես նաեւ ձիով տուրեր կամ մրցումներ: Մարդկանց դուր է գալիս:

Մերին եւ նրա ամուսին Կարենը այդքան լավ չեն տիրապետում օտար լեզուներին: Բայց Բենը հիանալի խոսում է անգլերեն եւ ռուսերեն: Հենց նա է շփվում զբոսաշրջիկների հետ եւ ամեն կերպ օգնում նրանց: Ագարակում օգնելու համար նա նույնիսկ աշխատավարձ  է ստանում ՝ խրախուսման համար:

Սակայն դպրոցում ուսումը նույնպես շատ կարեւոր է, խոստովանում է Բենը: Նա ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ, բիզնես մենեջեր դառնալ, որպեսզի ապագայում ավելի արդյուավետ ղեկավարի ծնողների բիզնեսը եւ ընդլայնի այն:

Այսօր նա արդեն ունի ընտանեկան բիզնեսը զարգացնելու գաղափարներ. եթե գումար լինի, այստեղ՝ Գոմքում, հնարավոր կլինի փեյնթբոլի եւ զիփլայնի համար հրապարակ բացել:

- Զիփլայնի մասին գաղափարը հիանալի է, -ասում է Կարենը,-այստեղ գեղեցիկ տեղանք է, այս անտառներով թռչելը հիասքանչ կլինի:

 

]