ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց Ռ.Հակոբյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանի որդուն: Այս մասին NEWS.am—ը տեղեկանում է Քննչականկոմիտեի պաշտոնական կայքէջից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռ.Հակոբյանը՝ ծնված 1955թ.:

Պարզվել է, որ Ռ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի միջից արձակված կրակոցների հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դատակոչված վկա Բորիկ Հակոբյանը՝ ծնված 1951թ., որդու ուղեկցությամբ գնացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մասնակցելու 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի սպանության գործով հերթական դատական նիստին: Բ.Հակոբյանը սպանության գործով մեղադրյալի ազգականն է։

Դատարանի շենքի մոտ վիճաբանություն է առաջացել վերջիններիս և սպանության գործով տուժողի հարազատների միջև, որի ժամանակ բռնություն է գործադրվել վկայի նկատմամբ: Դեպքին միջամտել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, ովքեր Բորիկ Հակոբյանին և նրա որդուն նստեցրել են նրանց ավտոմեքենան, որից հետո վերջինս, շրջադարձ կատարելով մեքենայով, հեռացել է, այնուհետև կանգնեցրել ավտոմեքենան և վարորդի դռան բաց պատուհանից «ՄՑ-21-12» տեսակի որսորդական ողորկափող հրացանից, շուրջ 15 մետր հեռավորությունից կրակել է Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Բ.Հակոբյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: