«Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի հունիսի 19-ի արտահերթ նիստում։ Մինչ նիստը նախագիծը խորհրդարանում կոշտ քննադատել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները՝ պնդելով, որ դրա թիրախում Գագիկ Ծառուկյանն է։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անգամ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե այն անձամբ «երկնել» է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ թիրախում ունենալով հենց Ծառուկյանին։ Չնայած «Ծառուկյան»-ականների գրոհին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չպետք է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանի։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով: Խորհրդակցական հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Այս մարմինն էլ իրավասու է լինելու ծրագրերը որակել ու գրանցել որպես բարեգործական, չեղյալ ճանաչել դրանք, որոշել բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների ու ծառայությունների շրջանակը։

Նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործական կարող են ճանաչվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և տեղական հասարակական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին։

Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե այս փոփոխությամբ որեւէ մեկին չեն թիրախավորել, պարզապես պետք է տարանջատվեն բարեգործությունն ու քաղաքականությունը:

«Մենք որեւէ մեկին չենք թիրախավորում, բայց ես ուզում եմ այս հարցում մեր դիրքորոշումը հստակ ֆիքսենք։ Որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չի կարող բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել։ Բարեգործությունը պետք է մնա բարեգործություն, որի կարիքն իրապես այս երկրում մարդիկ ունեն։ Սա չպետք է դիտարկվի որեւէ շահադիտական քաղաքական դիվիդենտներ ստանալու կոնտեքստում։ Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է։ Ընդհանուր քաղաքականության տրամաբանությունը սա է. բարեգործությունը չպետք է ունենա որեւէ աղերս քաղաքականության հետ»,–ասաց փոխվարչապետը։ 

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ Ավինյանն ասաց. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

Փոխվարչապետը որեւէ առարկություն չունի նախկին վարչապետի ծրագրերը կյանքի կոչելու կապակցությամբ, եթե դրանք բխում են պետության եւ հանրության շահերից։ Ասաց՝ լավին լավ են ասում, վատին՝ վատ։ Ի դեպ՝ այս ոլորտում կարգավորումների անհրաժեշտությանը դեմ չէ նաեւ ՀՅԴ խմբակցությունը։