Բելառուսն իր գործողություններով մեծացնում է ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրի անվտանգության սպառնալիքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կողմից Բաքվին «Պոլոնեզ» համակարգեր վաճառելու փաստին:
Նրա խոսքով՝ հարցի պատասխանը բխում է նրանից, թե ինչ կարգավիճակով է հանդես գալիս Բելառուսը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ աշխարհի հետ հարաբերություններում:
«Նախ՝ Բելառուսը Մինսկի խմբի անդամ երկիր է, մի երկիր, որի մայրաքաղաքում սկիզբ առավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ձեւավորվեց Մինսկի խումբը, որի մեջ մտնում է նաեւ Բելառուսը: Այսինքն՝ ակնհայտորեն Բելառուսը պետք է զսպված լինի խնդրի խաղաղ կարգավորման բոլոր պարտավորություններով, որոնք ամրագրված են ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում: Այս կտրվածքով Բելառուսի քաղաքականությունը բացարձակապես չի տեղավորվում այդ տրամաբանության շրջանակում:
Երկրորդ՝ նույնպիսի հարթակ դառնալու նախաձեռնությամբ Բելառուսը հանդես եկավ ուկրաինական ճգնաժամում, երբ տեղի ունեցան Մինսկ-1, Մինսկ-2 համաձայնությունները եւ անթույլատրելի է, որ նման նախաձեռնություններով հանդես եկող երկիրն իրականում պատերազմի սպասարկող է: Ուղղակի Հայաստանի սուրբ պարտականությունն է Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների առջեւ, այդ թվում՝ Բելառուսի առջեւ, պահանջելու բացատրություն, պահանջելու հիմնավորումներ, միգուցե դնելու նաեւ Մինսկի խմբից Բելառուսին հեռացնելու հարցը: Դա հրաշալի հնարավորություն կլինի, եւ այս կերպ Բելառուսը պետք է հրաժեշտ տա այդ ձեւաչափին, որտեղ ինքը կոչված է խաղաղություն հաստատել, բայց գործում է խաղաղության դեմ՝ սպառազինությունների վաճառք իրականացնելով ու սա առաջին դեպքը չէ»,- հայտարարեց քաղաքագետը:
Բացի այդ, ըստ Սաֆարյանի, Բելառուսը քաղաքական ու ռազմական պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակում. «Մինսկն իր գործողություններով մեծացնում է ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրի անվտանգության սպառնալիքները: Այս կառույցում եւս այդ խնդիրը պետք է դրվի: ԱՊՀ շրջանակում ռազմաքաղաքական բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել, տեղեկատվության փոխանակման, տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այստեղ եւս Հայաստանը պետք է դնի Բելառուսի վարքագծի խնդիրը՝ պարզաբանում պահանջելով, թե ինչու Բելառուսն իր դաշնակցին նման տեղեկատվությունը չի փոխանցել եւ կանգնեցրել է փաստի առաջ, երբ աշխարհը Ալիեւի ցուցադրությունից է իմանում, որ Բելառուսը նրան համակարգեր է վաճառել: Ես ուզում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս եւ այլ խնդիրները տարբեր հարթություններում բարձրացնի եւ հասնի Բելառուսի քաղաքականության դատապարտմանը եւ դադարեցմանը»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է փաստին, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի ֆոնին, ՀՀ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ, ինչպե՞ս է գնահատում այդ փաստը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ գնահատում: Չգիտեմ, թե որքանով համակարգված են գործում Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերը, ի նկատի եմ ունենում այն, որ ՀՀ նախագահը լիազորություններից զուրկ նախագահ է եւ նման գնահատականներ չի կարող տալ: Այնպես են խուզել նախագահի լիազորությունները, որ նրա կողմից խիստ գնահատականներ տալը կնշանակեր մտնել գործադիր իշխանության արտաքին քաղաքականության դաշտ: Բայց եթե անգամ կառավարությունը, վարչապետը կամ ԱԳՆ-ն գտնում էին, որ թեկուզի իր անունից կարող էր դժգոհության նշաններ գնալ, այդ թվում նաեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով, բնականաբար, կարող էին ասել դա եւ կարող էին այդկերպ մեսիջներ հղել: Եթե չէին ցանկանում, որ դա նախագահի միջոցով գնար, կառավարությունն ու ԱԳՆ-ն պարտավոր էին դա անել, էլ չասած Բելառուսի դեսպանին բողոքի նոտա հղելը, ԱԳՆ հրավիրելը, դժգոհությունները Մինսկին փոխանցելը, միգուցե ՀՀ դեսպանին խորհրդատվությունների նպատակով ժամանակավոր հետ կանչելը, ինչպես ընդունված է աշխարհում: Սրանք դեմարշներ չեն, սրանք ուղղակի հայկական շահերի նկատմամբ հարգանք պարտադրելու անհրաժեշտ գործողություններ են»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ՝ չնշելով դրանք քանակը:
Ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն, պայմանագիրը ենթադրում է «Պոլոնեզի» 10 կոմպլեկտի մատակարարում: Նաեւ նշվում է, որ համակարգերն արդեն ներառվել են Ադրբեջանի սպառազինությունում: Բաքուն «Պոլոնեզ» համակարգեը դիտարկում է որպես պատասխան «Իսկանդերներին», որոնք առկա են Հայաստանի զինված ուժերի զինանոցում: