Էլիտային դեկորով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումը, ըստ որում՝ չաղավաղելով քաղաքի կերպարը, արագ փոփոխվող 21-րդ դարում նրա պատմական արժեքների պահպանումը հնարավոր է, ինչը գործով ապացուցել են «Կամար» բիզնես կենտրոնի կառուցապատողները եւ ճարտարապետները (ճարտարապետներ՝ Ռուբեն եւ Միքայել Հասրաթյաններ): Այն տեղակայված է Երեւանի կենտրոնում, Շահումյան հրապարակում՝ Վազգեն Սարգյան եւ Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում:

Այս նախագծում ներգրավված մասնագետները եւ ներդրողները ակնհայտ ցույց են տվել՝ ինչպես է պետք ժամանակակից ճարտարապետությունն ինտեգրել պատմական միջավայրին. նրանց համոզմամբ՝ նորը կառուցել, բայց դրա հետ մեկտեղ հինը չավերելը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է, որպեսզի հայրենի քաղաքի պատմական հիշողությունը շատ դարեր պահպանվի: Զուր չէ, որ Երեւանն անվանում են Հայաստանի երիտասարդ հնագույն մայրաքաղաք, որտեղ խաղաղ գոյակցում են պատմական հուշարձանները եւ ադիականության բոլոր պահանջներին համապատասխանող կառույցները, թեկուզ երբեմն բավականին վիճելի հակադրություններ ստեղծելով:

«Կամար» բիզնես կենտրոնում մամուլի տուրի ընթացքում կառուցապատող Property Development Company ընկերության (մտնում է «Ամերիա» ընկերությունների խմբի մեջ) տնօրեն Արտաշես Կազախեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարար համալիրի շենքը կառուցվել է նորագույն շինարարա-ինժեներական տեխնոլոգիաների կիրառմամբ: Համալիրը միավորում է տարբեր պատմական ժամանակաշրջանների 3 շենքեր՝ ցարական, խորհրդային, ժամանակակից:

Նախկինում «Կամար» բիզնես կենտրոնի տեղում եղել է իր ժամանակին հայտնի Թիֆլիս առեւտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը (1910 թվական, ճարտարապետ՝ Միքայել Օհանջանյան, թիֆլիսահայ): Մեկ հարյուրամյակ շարունակ այս շենքում հայտնի բանկային կառույցներ են գործել, ինչպես նաեւ Գյուղատնտեսական բանկը (1926 թվական, ճարտարապետ՝ Նիկոլայ Բունիաթյան, գաղափարի հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան): Այս շենքերի ճակատամասերը վերականգնվել են եւ օգտագործվել նոր կառույցի կառուցվածքում: Շենքի մուտքը տպավորիչ կամար է՝ պղնձե ծառի քանդակային պատկերով (հեղինակներ՝ Ռուբեն Հասրաթյան եւ Դավիթ Երեւանցի):

«Մենք ուսումնասիրել ենք այս տարածքում գտնվող պատմական նշանակություն ունեցող բոլոր կառույցների մասին տեղեկությունները եւ դրանց փաստացի վիճակը:  Դրանով իսկ համալիրը համահունչ է տարածքի ճարտարապետական ոգուն եւ դրա հետ մեկտեղ՝ նախագծված է ըստ միջազգային ինովացիոն ստանդարտների»,- նշեց Արտաշես Կազախեցյանը:

Համալիրն ունի քաղաքի պատմական ժառանգության պահպանմանը նվիրված թանգարան, որտեղ եզակի լուսանկարներ են ներկայացված Երեւանի եւ Թբիլիսիի արխիվներից: Հատկանշական է, որ արխիվային փաստաթղթերի շնորհիվ պարզվել է, որ Թիֆլիսի առեւտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի ճարտարապետը ոչ թե Բորիս Մեհրաբյանն է, այլ՝ Միքայել Օհանջանյանը:

Միջազգային նորարարական ստանդարտների համաձայն նախագծված բիզնես-համալիրը Հայաստանում «կանաչ» բիզնես կենտրոնի առաջին նախագիծն է: Շինարարության ավարտից հետո համալիրը ստացել է շինությունների բնապահպանական գնահատման աշխարհի առաջատար համակարգերից մեկի՝ բրիտանական BRE Global ընկերության կողմից 1990 թվականին ստեղծված BREAM-ի (Building Research Establishment Environmental Assessment Method) վկայագիրը:

Այսպես՝ «Ա» դասի բիզնես-համալիրն առանձնանում է ոչ միայն պատմական անցյալի եւ նորագույն ճարտարապետական լուծումների սինթեզով, այլեւ՝ «կանաչ» տեխնոլոգիաներով: Շենքը համապատասխանում է էներգախնայողության եւ էկոլոգիական շինարարության բոլոր միջազգային չափանիշներին, հագեցած է բարձր տեխնոլոգիական օդափոխության եւ ջերմաստիճանի կառավարման համակարգերով, ինչպես նաեւ էներգախնայող համակարգերով, որոնք թույլ են տալիս խնայել ծախսերը մինչեւ 35 տոկոս:

Շենքը միկրոկլիմա ապահովող բնական կանաչ պատ ունի, որը Եվրոպայում ամենաբարձրն է ճանաչվել: ««Ամերիա» ընկերությունների խումբը առաջնորդվում է ոչ միայն շահույթ ստանալու նպատակով ներդրում կատարելու սկզբունքով, այլեւ՝ ժամանակակից իրողություններից մեկ քայլ առաջ գտնվող նորարարական նախագծերին նպաստելու»,- ասաց Արտաշես Կազախեցյանը:

«Կամար»-ի ընդհանուր տարածքը 23 հազար քառակուսի մետր է, որի մեծ մասն արդեն վարձակալված է. այստեղ է գտնվում «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը, «Կամար» բանկի մասնաճյուղը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գրասենյակը, մի քանի այլ ընկերությունների գրասենյակները, Ասիական զարգացման բանկի գրասենյակը, ինչպես նաեւ ասիական խոհանոցի «Գաստրոպոլիս» ռեստորանը: Շուտով այստեղ կտեղափոխվի նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Շենքը բաղկացած է 9 վերգետնյա հարկից, հագեցած է 7 մարդատար վերելակով: Կենտրոնում 100-տեղանոց երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղին կա (առաջին կենտրոնը, որտեղ էլեկտրամոբիլների լիցքավորման կայան կա):

«Կամար»-ի հիմքի առաջին քարի տեղադրման արարողությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին: Շենքի հիմքում ապագա սերունդներին ուղղված ուղերձով սրվակ է դրվել՝ «Պահպանելով հինը՝ ստեղծում ենք նորը» գրությամբ: Շենքի կառուցման համար մոտ 37 մլն դոլար է ներդրվել, որից 9 մլն-ը վարկային միջոցներ են՝  Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC), ինչպես նաեւ 9 միլիոն՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության գործակալության (DEG) կողմից, մնացած գումարները ներդրել է Property Development Company ՓԲԸ-ն: