ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների ապագան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դրանց դադարեցման մասին հայտարարությունից հետո, հաղորդում է BBC- ն:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոնգ Յունգ-մուն եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը համաձայնել են ամրապնդել իրենց ջանքերը՝ պաշտպանական ոլորտում աջակցություն ապահովելու համար՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ ամուր դաշինքի հիման վրա: Սոնգ Յունգ-մուի խոսքով՝ դաշնակիցները պետք է ճկունություն դրսեւորեն Փհենյանի վրա ռազմական ճնշման հարցում: Նա նշել է, որ Սեուլի եւ Վաշինգթոնի միջեւ այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում:

Նշենք, որ համատեղ զորավարժությունները պետք է անցկացվեին աշնանը: Սակայն հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կդադարեցվեն: Նա այդ զորավարժությունները «սադրիչ» էր անվանել՝ հավելելով, որ դրանց դադարեցումը թույլ կտա «մեծ գումարներ» խնայել: