Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 21:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի եւ Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են Renault մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1960 թ.) եւ Nissan Teana մակնիշի (վարորդը՝ Վ. Գ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Մ.-ն եւ Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ 31-ամյա Ա. Մ.-ն եւ 32-ամյա Գ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Մ.-ն եւ Գ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: