ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Արցախից վերադառնալուց հետ՝ Երեւանում։

«ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»,-գրել է նա։

Ավելի վաղ NEW.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ ողջունում ու կարեւորում է իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու   Բակո Սահակյանի պատրաստակամությունը:

«Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են բանակաշինության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարեւորելով փորձի փոխանակումը եւ ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջեւ:

Փաշինյանն ու Սահակյանը այցելել են նաեւ Արցախի Արեւելյան հայտվածի պաշտպանական դիրքեր։