Դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ այդ հանդիպմանը ներկա չէին Էջնիծնի քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները։

«Քննարկեցինք բազմաբնույթ հարցեր, եւ ամենակարեւորը՝ եւս մեկ անգամ ես իմ դիրքորոշումն եմ արտահայտում, որն այսօր նաեւ պետության դիրքորոշումն է՝ հորդորում ենք պահպանել հասարակական կարգը՝ հարգելով բոլորի սահմանադրական իրավունքները: Մենք քաղաքապետի հետ քննարկեցինք նաեւ այդ հարցը, իրենք դադարեցնում են ցույցը եւ հացադուլը, այսինքն՝ վերադառնում են բնականոն կյանքին: Կրկին անգամ, պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ եւ տալ լուծում»,-ասաց մարզպետը։

Ինչ վերաբերում է Էջմիածնում ընթացող բողոքի ակցիաներին, մարզպետ Միրիջանյանն ասաց. «Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց փակել կամ բացել, մասնակցել միտինգների։ Մարզպետն ամեն ինչ անում է, որ այդ ամենը դադարի։ Ինձ համար որպես մարզպետ ամենակարեւորը հասարակական կարգի պահպանումն է, ՀՀ-ում գործող իրավական բոլոր նորմերի, օրենքների պահպանումն է, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունն է»։

Նա ընդգծեց, որ այս պահին Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է եւ նրա հետ նաեւ զուտ աշխատանքային քննարկումներ է անցկացրել։

«Սկսում եմ շրջայցեր կատարել մարզում, բայց քանի որ առիթ էր, քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի հրատապ խնդիրները»,-ասաց Միրիջանյանը՝ հավելելով, որ Արմավիր, Էջմիածին եւ Մեծամոր քաղաքներ իր այցելությունը կլինի ամսվա վերջին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր Էջմիածնի քաղաքապետի կողմնակիցները նստացույց են անցկացրել Էջմիածնում։ Նրանք հետ է եղել նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Քաղաքապետի օգնական Արսեն Կարապետյանը հացադուլ էր հայտարարել, սակայն այսօր առավոտյան որոշվել է դադարեցնել թե ակցիան, թե հացադուլը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ձերբակալվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: