Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերից համայն հայության հոգեւոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի եւ Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաեւ Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների:

Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի անունից ողջույնի խոսք ասացին Ժակլին Էլ Շամմասն ու Դերիկ Ղուկասյանը՝ Նորին Սրբությանը փոխանցելով իրենց թեմերում ծառայող հոգեւորականների որդիական սերն ու խոնարհությունը, ինչպես նաեւ ներկայացրեցին  հայրենիքում իրականացվող բարեգործական ծրագրերը:

Այնուհետեւ Գարեգին Բ Վեհափառը, բերելով իր հայրապետական սերն ու գնահատանքը ուխտավորներին, շեշտեց, որ որպես Հայրապետ՝ մեծ ուրախություն է ապրում, երբ ամեն անգամ տեսնում է, թե ինչպես են հայորդիները ժամանում հայրենիք եւ համայնասփյուռ հայության հոգեւոր կենտրոն այն գիտակցությամբ, որ իրենք նույնպես  հոգեւոր ու ազգային արժեքների կրողն են եւ իրենց աստվածահաճո գործունեությամբ զորակցություն են բերում հայրենաբնակ եղբայրներին ու քույրերին:

Անդրադառնալով նրանց կողմից հայրենիքում իրականացվող բարեգործական ու մարդասիրական ծրագրերին՝ Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերն իրենց  աստվածօրհնյալ առաքելության ողջ ընթացքում օրհնի ամենքին:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու սոցիալական եւ հոգեփրկչական առաքելությանը, ներկայացրեց հայ ժողովրդի ու Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները՝  կարեւորելով միասնական ջանքերը դրանց հաղթահարման համար:

Վերջում  հայապահպանության գործում բերած կարեւոր ավանդի համար իր գնահատանքը վերստին փոխանցելով  ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել կրողը լինել նախնյաց ավանդած հսկայական ժառանգության եւ այն անխաթար փոխանցել հաջորդ սերունդներին:

Ապա ուխտավորները նաեւ ներկա գտնվեցին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագին: