Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ, նրա ձերբակալությունը կապված է նրա հետ, որ Մանվել Գրիգորյանը կապված է ապրիլյան  պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակով օգնության յուրացման հետ: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր կենդանիներին` իր արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է. «Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երեւանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող եւ ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ չի ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, դա որոշում է դատարանը, բայց ուզում է հստակ պարզաբանել, որ գեներալի ձերբակալությունը կապված չէ միայն զենք-զինամթերք պահելու կասկածների հետ:

Փաշինյանի խոսքով` բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաեւ բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ:

«Բացի այս, այսօր, երբ մեր բանակը սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պետք է մի մասնավոր անձի տակ լինի ահռելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք ապօրինի, ինչու պետք է լինի: Եթե մենք ասում ենք` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մենք ի՞նչ ի նկատի ունենք, որ կան մարդիկ, որոնք կարող են անել ամեն ի՞նչ, կան մարդիկ, որոնք իրենց քաղաքներում եւ փողոցներում կարող են արգելափակոցներ դնել եւ քաղաքացիներին արգելել այդ փողոցներում քայլել եւ որոշել ով, ոնց պիտի քայլի՞: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երեւույթներ չեն լինելու, անկախ նրանից, թե ով է այդ երեւույթների հեղինակը` ազգային հերոս, թե ասենք վարչապետի ընտանիքի անդամ, չի լինելու էդպիսի բան»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հստակ գնահատականը այս մասին ասի. «Ես հիմա սա ասում եմ բանավոր, իսկ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի նյութերը եւ ՀՀ քաղաքացիներն հնարավորություն կունենան տեսնել այդ նյութերը եւ անել հետեւություններ»։

«Երբ ԱԺ պատգամավորի տնօրինության տակ են գտնվում մի քանի կիլոգրամ, կամ չգիտեմ որքան, սեփականության վկայականներ։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Աշակերտների նամակներ կենդանիների կերակուրների մեջ։ Երբ 3-րդ դասարանի աշակերտը գրում է՝ զինվոր, ես քեզ համար խտացրած կաթ եմ ուղարկում, քեզ համար սնունդ եմ ուղարկում, ես հպարտանում եմ քեզնով, ուզում եմ զգաս իմ աջակցությունը եւ ահա, այս նամակների ուղեկցությամբ ուղարկված օգնությունը հայտնվում է ինչ-որ մեկի արջերի ուտելիքների պահեստարանում։ Ու որեւէ մեկի լեզուն պտտվում է ասել, թե մենք սա պետք է հանդուրժե՞նք։ Հայաստանի ժողովուրդը սա չի հանդուրժելու։

Ես կոչ եմ անում ՀՀ ժողովրդին կոռուպցիայի դեմ պայքարում, ապօրինությունների ու բեսպրեդելի դեմ պայքարում պինդ եւ ամուր կանգնել կառավարության կողքին։ Ես այդ մանդատը ստացել եմ եւ կոռուպցիայի մաս չեմ դառնալու։ Որեւէ մեկը թող չմտածի, որ թալանի, ամենաթողության, կոռուպցիայի դեմ պայքարում որեւէ մեկը կարող է ինձ կանգնեցնել»։

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենց նպատակը բանտերը լցնելը չէ. «Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի պետությանը եւ ժողովրդին հասցրած վնասը վերականգնել, մենք կգնանք այդ վնասի վերականգնման ճանապարհով։ Այն տեղերում, որտեղ հնարավոր չի լինի վերականգնել, այդ ժամանակ կմտածենք, թե ինչ ենք անում եւ ինչպես։ Մենք չենք կարող թույլ տա, որ որեւէ մեկը պետության եւ ժողովրդի առջեւ ունեցած իր որեւէ ծառայություն փորձի վաճառել ժողովրդի վրա կամ փորձի օգտագործել պետության եւ ժողովրդի ուսերին նստելու հարմար առիթ, կամ փորձի օգտագործել որպես զինվորից գողանալու մանդատ»։